Կարծում եմ ՝Իսրայելը համարձակություն չի ունենա ուղիղ հարված հասցնել Իրանին. Այդտեղ ոչ միայն համարձակության, այլև ռազմավարական հաշվարկի խնդիր կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Իրանի մեջլիսի նախկին հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։

«Իրանն իր զինված ուժերի ողջ արսենալով չի պատասխանել Իսրայելին, և կարծում եմ՝ սա եղել է համաչափ, փոխադարձ գործողության մի նմուշ, ընդամենը մի դրսևորում՝ ի պատասխան վերջին շրջանում Իսրայելի ահաբեկչական գործողությունների։ Համեմատած ապրիլյան հարվածի, այս հարվածը սահմանափակ էր, ուղղակի ցույց էր տալիս, որ Իրանն իրեն վերապահում է իր ազգային շահերի պաշտպանության հարցը, որ եթե հարձակումներ լինեն, Իրանը կպատասխանի համաչափ կերպով։ Իմ կարծիքով, սա ընդամենը ռազմաքաղաքական մի ժեստ էր, որը շատ տեղին էր»,–նշեց պատգամավորը։

Հարցին, թե արդյո՞ք հետագա զարգացումները կտանեն դեպի լայնածավալ պատերազմ, Կարեն Խանլարյանը պատասխանեց. «Պատերազմի մասշտաբների մեծացումը կախված է Իսրայելի ռազմական հետագա գործողություններից։ Կարծում եմ ՝ Իսրայելը ուժգին պատասխան տալու ի վիճակի էլ չէ։ Արդեն երկրորդ հզոր ճակատն է բացել Լիբանանի դեմ, երրորդ կամ հավելյալ ճակատներում գործողությունների դիմելու կարողություն կարծում եմ՝ չի լինի։ Այնուամենայնիվ գործողությունների թեժացումը չի բացառվում»։

Հարցին, թե արդյոք Իսրայելը կրկին Լիբանանին կթիրախավորի, թե այլ թիրախ կգտնի, Իրանի մեջլիսի նախկին պատգամավորը պատասխանեց. ««Լիբանանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները՝ «մենք ուր պետք է, երբ պետք է, անհրաժեշտ է, կպատասխանենք», ցույց են տալիս, որ նոր ճակատը չի լինելու անպայման Լիբանանում, կարող է և այլ տեղում լինել։ Ֆանտազիայի ժանրից է թվում, որ Իսրայելը կարողանա ևս մեկ, նոր ուղղություն բացել պատերազմական գործողությունների։ Արդեն Լիբանանի հարցը բավականին գլխացավանքների պատճառ պիտի դառնա Իսրայելի համար, գործողությունների մի ուրիշ ուղղություն բացել, կարծում եմ՝ խելամիտ չի լինի։ Բայց հաշվի առնելով Նաթանյահուի անհատական խառնվածքը, չեմ բացառում, որ կարող են նաև ուրիշ ուղղություն վերցնել, և թեժ վիճակ ստեղծել»։