Նախկին «Միսս Ռուսաստան» Աննա Մալովան ԱՄՆ-ում կրկին բանտ է ընկել: Նա ճաղերի հետեւում է հայտնվել Բրոնքսի վերականգնողական կենտրոնում դրսեւորած անկարգ վարքի պատճառով, որտեղ նա թմրանյութերից կախվածությունից բուժման կուրս էր անցնում:

Աննա Մալովան կենտրոնում ոչ պատշաճ վարք է ցուցաբերել, սառնարանից ուտելիք է վերցրել դրա համար չսահմանված ժամին, կարդացել է ուրիշների օրագրերը, ինչպես նաեւ ապտակել է այլ հիվանդի, տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով New York Post-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 39-ամյա նախկին գեղեցկուհի Մալովային  Նյու Յորքում  բռնել էին Strawberry խանութի հսկիչները` 10 դոլարանոց գլխարկ եւ 135 դոլարանոց սանդալներ գողանալու փորձի համար: Ոստիկանությունում նրան մեղադրել էին  մանր կողոպուտի եւ ուրիշի գույքը յուրացնելու մեջ:

Դա ԱՄՆ-ում Մալովային ներկայացված առաջին մեղադրանքը չէ, նրան վերջին կես տարում 14 նմանատիպ իրավախախտումների մեջ են մեղադրել:  Նա մեղադրվել է թմրամիջոցներ ստանալու նպատակով բժշկական դեղատոմսեր կեղծելու մեջ, ինչպես նաեւ մանր  կողոպուտի, կեղծիքի, թմրանյութերի ապօրինի պահպանման, գողության եւ դեղատոմսային ձեւաթղթերի կեղծման մեջ: Սակայն Աննա Մալովան իրեն մեղավոր չի ճանաչել:

Վերականգնողական ծրագրի հաջող ընթացքը Մալովայի վրայից բոլոր մեղադրանքները հանելու պայմանն էր: Այժմ գեղեցկության 39-ամյա  նախկին թագուհին պետք է դատարանի առաջ պատասխան տա:

Մալովան «Միսս Ռուսաստան» տիտղոսն ստացել է 1998թ., նույն թվականին էլ   «Միսս տիեզերք» մրցույթում գեղեցկուհիների առաջին տասնյակում է հայտնվել: