Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը քաղցկեղի դեմ բուժում չի ստանա եկող շաբաթ Ավստրալիա եւ Սամոա արշիպելագ կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է The Daily Mail թերթը։

Պարբերականի տվյալներով՝ միապետի բժիշկները նրան թույլ են տվել ժամանակավորապես ընդհատել թերապիան, որը նա ստանում է ամեն օր։ Նորին Գերազանցության խաղաղօվկիանոսյան շրջագայությունը սկսվելու է հոկտեմբերի 18-ին եւ շարունակվելու է 11 օր։ Նա բուժումը կշարունակի Միացյալ Թագավորություն վերադառնալուց հետո։

Փետրվարի սկզբին Բուքինգհեմյան պալատը տեղեկացրեց, որ Չառլզ III-ը քաղցկեղ ունի, ինչից հետո նա ժամանակավորապես դադարել է կատարել հրապարակային պարտավորությունների մեծ մասը։ Միապետի ստույգ ախտորոշումը չի նշվում, բայց այն կայացվել է այն բանից հետո, երբ հունվարի 26-ին թագավորը վիրահատվել էր մեծացած շագանակագեղձի հետ կապված։ Չնայած հիվանդությանը՝ վերջին ամիսներին Նորին Գերազանցությունն ավելի հաճախ է հայտնվում հանրության առջեւ։

Ավստրալիա եւ Սամոա կղզեպետություն, որը մտնում է Ազգերի համագործակցության մեջ, այցը միապետի երկրորդ արտասահմանյան այցը կլինի այն բանից հետո, երբ նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել։ Ամռանը Չառլզ III-ն այցելել էր Ֆրանսիա 1944թ. հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակցայն զորքերի ափհանման 80-ամյակի առիթով։