Թուրք խորհրդարանականները երեքշաբթի փակ նիստ են անցկացրել՝ քննարկելու համար Մերձավոր Արևելքում պատերազմի տարածման հարցը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չհիմնավորված պնդումից մեկ շաբաթ անց, որ Իսրայելը, ի վերջո, մտադիր է ներխուժել թուրքական տարածք, հայտնում է Reuters գործակալությունը։
Իսրայելը հրապարակավ չի արձագանքել Էրդողանի հայտարարությանը, որը վերլուծաբաններն ու ընդդիմադիր օրենսդիրները համարում են չկշռադատված և առաջին հերթին Թուրքիայի տնտեսական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն ուղղված հայտարարություն:
Իսրայելը միաժամանակ հրապարակավ չի մեկնաբանել երեքշաբթի Անկարայում անցկացված «Իսրայելական օկուպացիան Լիբանանը և իրադարձությունները տարածաշրջանում» խորագրով խորհրդարանական փակ նիստը, գրում է գործակալությունը։
Ըստ Reuters-ի՝ Էրդողանի ամենամոտ դաշնակիցը՝ արմատական պատգամավոր Դևլեթ Բահչելին երեքշաբթի հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ հարևան երկրներում տիրող քաոսը կհասնի Թուրքիայի սահմաններին, և մոտ ապագայում Իսրայելը կսկսի հալածել Թուրքիային»։
Սակայն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը մերժել է նման ենթադրությունները:
«Անհիմն է կարծել, թե Նեթանյահուն հարձակվելու է Թուրքիայի վրա, որը ՆԱՏՕ-ի անդամ է և ունի մեծ բանակ»,-հայտարարել է Օզելը։





























