Ռուս զինվորականները Կուրսկի մարզում գնդակահարել են գերի հանձնված ինը ուկրաինացիների, տեղեկացնում է Deepstate ուկրաինական հետաքննական նախագիծը։ Վերլուծաբանների տվյալներով՝ դա տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Զելյոնի Շլյախ գյուղի մոտ։ Նախագիծը վկայակոչում է ուկրաինացի զինվորականներին, նաեւ հրապարակում է լուսանկարներ, ինչպես նշվել է, սպանության վայրից։
Ուկրաինացի զինվորականները, ինչպես գրել է նախագիծը, կարծում էին, որ թիկունքում են գտնվում, եւ չէին սպասում ռուս զինվորների հայտնվելուն։ Այնուամենայնիվ, նրանց դիմավորել են կրակով։ Այն բանից հետո, երբ ուկրաինացիների զինամթերքներն սպառվել են, նրանք գերի են հանձնվել։ Ռուսաստանցիները, ինչպես նշվում է, զինաթափել են նրանց, հրամայել հանվել եւ գնդակահարել են։ Լուսանկարներում, որոնք հրապարակել է Deepstate-ը, երեւում են մինչեւ ներքնաշորերը հանված պառկած մարդիկ։
Ուկրաինայի մարդու իրավունքների լիազոր Դմիտրի Լուբինեցը ռուս զինվորականների գործողություններն անվանել է ռազմագերիների հետ վերաբերմունքի Ժնեւյան կոնվենցիայի կոպիտ խախտում, իսկ Ռուսաստանը՝ «ահաբեկիչ երկիր, որը խախտում է պատերազմի բոլոր կանոններն ու սովորությունները»։ Նա դիմել է ՄԱԿ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հետաքննել կատարվածն ու գնահատական տալ դրան։
Միջազգային հումանիտար իրավունքի համաձայն՝ գերիների եւ գերի հանձնված զինվորների սպանությունը ռազմական հանցագործություն է համարվում։
Ռուսական կողմը գերիների գնդակահարության մասին տեղեկությունները չի մեկնաբանել։




























