Որևէ մեկը չի ասում, որ բացառվում է, որ դպրոցի երկար տարիների սիրված տնօրենի դուստրը, ով համապատասխանում է չափորոշիչներին, գա ու դառնա տնօրեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բայց հիմա, եթե 3 անգամ մարդը հարցազրույցը չի կարողացել անցնել այդ բազմամարդ խորհրդում, որտեղ տարբեր մարմիններ են ներկայացված,, կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որ չի կարող նշանակվել տնօրեն:

Ես բազմաթիվ անգամներ լսել եմ, որ իմ դասարանցու կինը, իմ քենու, մորքուրի, հորեղբոր տղայի աղջկա չգիտեմ ով է նշանակվել, ուզում եմ տեղյակ լինեք, որ ես այս նոր ժամանակավոր պաշտոնակատարի անուն- ազգանունն էլ չգիտեմ:

Այն մարդը, ով նշանակվել է, ինստիտուցիոնալ ինչ-որ ճանապարհով եկել հասել է այնտեղ: Ընդ որում ներսից էլ այդ խնդիրը չի լուծվել, մյուս պոտենցիալ հավակնորդը ասել է՝ ես չեմ կարող, այն մյուսն էլ 3 անգամ հարցազրույցը չի անցնել: Դե էլ ինչ ասեմ, կտրականապես հերքում եմ բոլոր նմանատիպ ստերը: Այդ լեգենդներն էլ ստեղծվում են անճարությունից»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվամ թիվ 20 դպրոցում երեկ տնօրենի ԺՊ է նշանակվել Քրիստինե Դումանյանը, իսկ արդեն այսօր աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ դեմ են Քրիստինե Դումանյանի նշանակմանը։ Նրանց պահանջն է տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին, որի մայրը այդ դպրոցի տնօրենն է եղել, իսկ հիմա ուսուցչուհի է:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Երեւանի քաղաքապետի  կնոջ հետ ազգակցական կապ ունի, իսկ ամուսինն էլ ուժային կառույցում է աշխատում: