Ադրբեջանում երիտասարդները բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպելու, իսկ կազմակերպչական հարցերի լուծմանը կօժանդակեն Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, դեկտեմբերի 10-ին երիտասարդական շարժման ակտիվիստները նշելու են ապրիլի 2-ի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված, քաղբանտարկյալ Էլնուր Մեջիդլիի ծննդյան օրը: Աղբյուրը նշում է, որ ակցիային միանալու են նաեւ «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թեւի անդամները:

«Կարծում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անմիջապես լուծումներ գտնեն երկրի տարբեր ոլորտներում առաջացած խնդիրների համար: Ազատ հավաքներն արգելվում են, մամուլի վրա շարունակ ճնշումներ են գործադրվում: Բազում խնդիրներ կան կրթության եւ առողջապահության ոլորտում, իսկ բանակում բարձիթողի վիճակ է ստեղծվել»,-հայտնել է «Մուսավաթ»-ի երիտասարդական կազմակերպության նախագահ Սեխավաթ Սոլթանլին: