Ռուսաստանը Հարավային Օսիայի իրավիճակը կարգավորելու տարբերակ է առաջարկել. ընտրական գործընթացի բոլոր կողմերը պետք է ընդունեն Գերագույն դատարանի վճիռը նոր ընտրությունների նշանակման մասին, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է դրանում մասնակցելու հնարավորություն ստանան: Այս մասին տեղեկացրել է Պետդումայի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:

Հիշեցնենք, նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները Ցխինվալիի հրապարակում շուրջօրյա հավաքներ են անցկացնում` պահանջելով ճանաչել նրա հաղթանակը:

 Հարավային Օսիայի   Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Ալլա Ջիոեւան հաղթել էր: Նոր ընտրությունները նշանակվել է 2012թ. մարտի 25-ին:

«Ոչ մի նարնջագույն հեղափոխության սցենարներ չկան: Մարդիկ իրենց համոզմունքներից ելնելով են եկել հրապարակ», - վստահեցնում է Ջիոեւան: Նախօրեին նա հայտարարել էր, որ, հնարավոր է, քաղաքական ապաստան խնդրի Ռուսաստանից, բայց հետո նշել էր, որ այդ տարբերակը ծայրահեղ դեպքն է, «եթե ողջ մնա»:

Ջիոեւայի կողմնակիցները չեն հեռանում Ցխինվալիի կենտրոնական հրապարակից: Կատարվող դեպքերը տեղացած ձյան պատճառով «Ձյունե հեղափոխություն»  են անվանում: Իշխանությունների կարգադրությամբ` տարածքում շատ բարձր  ազգային երաժշտություն է հնչում` թույլ չտալով հավաքի մասնակիցներին ելույթ ունենալ, գրում է «Сегодня.ua»-ն: