«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիայի անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակվել է Կարեն Բաբայանը: Այդ տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը:
Նշենք, որ «Շերիֆ» մականունով ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետի պաշտոնը, սակայն հրաժարականի դիմում է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի` Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո:
Հիշեցնենք, որ «Շերիֆը» ժամանակին ռազմական ոստիկանության մեկ այլ հայտնի աշխատակցի՝ «Լիդերի» հետ, Վլադիմիր Գասպարյանին իրենց հավատարմությունն ապացուցելու համար կտրել էին իրենց ճկույթները, սակայն անգամ դա չէր երաշխավորել նրանց նորմալ հարաբերությունները:
Այդ պաշտոնյաները լավ իմանալով, որ իրենց համակարգում մնալն անհնար է Վլադիմիր Գասպարյանի օրոք, որոշել են ինքնակամ հեռանալ:




























