ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, ԳԱԱ «Արվեստի ինստիտուտի» ասպիրանտ Գայանե Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» գիտական աշխատանքների մրցույթում:

Հոկտեմբերի 17-ից 18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային 20-րդ գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված մրցույթին մասնակցում էին երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Բելառուսից և Ռուսաստանից: Միջոցառման նպատակն է երիտասարդ գիտնականներին ներգրավել դատական փորձաքննության արդի խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:

Մրցույթի շրջանակներում Գայանե Հովհաննիսյանը հանդես է եկել «Մշակութային վանդալիզմը հնագիտական փորձաքննությունների համատեքստում» թեմայով զեկույցով, որում անդրադարձ է կատարել դատափորձագիտական բնագավառի զարգացող ուղղություններից մեկը համարվող հնագիտական բնագավառի փորձաքննությունների առանձնահատկություններին՝ շեշտը դնելով մշակութային վանդալիզմի դեպքերի բացահայտման գործընթացում մշակութաբանական փորձաքննությունների անցկացման կարևորության վրա:

Հիշյալ գիտական աշխատանքի արդյունքում Գայանե Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթի «Լավագույն գործնական կողմնորոշիչ աշխատանք» անվանակարգում:

462553581_1054885262628096_346498455874829632_n.jpg (34 KB)