Յոթ երկիր՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունգարիան, Սլովակիան, Բելգիան, Սլովենիան եւ Իսպանիան, չեն շտապում Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել, գրել է Politico-ն։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը պարբերականի հարցազրույցում ասել է, որ դաշինքը ներկա պահին դեռ պատրաստ չէ Ուկրաինային անդամակցություն առաջարկել։ Այն մասին, որ Գերմանիան թերահավատորեն է վերաբերվում ՆԱՏՕ-ին միանալու Կիեւի պատրաստ լինելուն, ասել է ինքը՝ Վլադիմիր Զելենսկին։ Պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ Բեռլինը եւ Վաշինգտոնը չեն բացառում, սակայն, որ մի ինչ-որ պահի Ուկրաինան կկարողանա դառնալ դաշինքի անդամ։
ՆԱՏՕ եւս երկու երկրներում՝ Հունգարիայում եւ Սլովակիայում, այժմ իշխանությունում են պոպուլիստական կուսակցությունները, որոնք կրեմլամետ հայացքներ ունեն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քանիցս արգելակել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ ծրագրերը։
Սակայն, ինչպես Politico-ին պատմել են աղբյուրները Վաշինգտոնում եւ ՆԱՏՕ-ում, որոնք ցանկացել են անունները չնշել, մյուս երկրները նույնպես վստահ չեն, որ Ուկրաինան պատրաստ է միանալ դաշինքին։
«Այնպիսի երկրներ, ինչպիսին են Բելգիան, Սլովենիան եւ Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ եւ Գերմանիայի թիկունքում։ Նրանք կասկածում են»,- պարբերականը մեջբերել է աղբյուրի խոսքերը։ Մյուս աղբյուրը նշել է, որ երկրները «վերացականորեն աջակցում են [ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը], բայց հենց որ դա իրականությանն ավելի մոտ լինի», նրանք կսկսեն հրապարակայնորեն դեմ արտահայտվել այդ գաղափարին։
ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի պլանի» գլխավոր կետերից մեկն է, որը նա ներկայացրել է անցած շաբաթ։





























