Իրանի վրա իր «ճշգրիտ, մահաբեր և անսպասելի» հարձակմամբ Իսրայելը հստակ ուղերձ հղեց. «Իսրայելի երկար ձեռքը կհասնի բոլորին, ովքեր կփորձեն վնասել մեզ»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, տեղեկացնում է Times of Israel-ը:

«Մեզ համար հեռավոր վայրեր չկան», - հայտարարել է Գալանտը անցած տարվա հոկտեմբերի 7-ից սկսած մարտերում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված պետական ​​արարողության ժամանակ:

Իսրայելի պաշտպանության նախարարը պնդել է, որ ՀԱՄԱՍ-ն «դադարել է գործել որպես ռազմական կառույց», իսկ «Հեզբոլլահը» շարունակում է մի շարք հարվածների ենթարկվել։

«Դրա հրամանատարական համակարգը վերացվել է, հրթիռային ուժերի մեծ մասը՝ ոչնչացվել, իսկ ուժերը հարձակման են ենթարկվել և նահանջել սահմանից: Ահաբեկչական խմբավորումներն այլևս արդյունավետ գործիք չեն Իրանի ձեռքում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Գալանտը կարծում է, որ ոչ բոլոր նպատակների է հնարավոր հասնել ռազմական ուժի միջոցով։

«Պատանդներին իրենց տներ վերադարձնելը ցավալի փոխզիջումներ է պահանջում: Մենք պետք է դա անենք հանուն պատանդների, հանուն նրանց ընտանիքների, հանուն այս գործի համար զոհված զինվորների, հանուն Իսրայելի պաշտպանության բանակի ժառանգության և հանուն հրեական ու ազգային ոգու: Սա մեր պարտականությունն է»,- ասել է նա։