Անկարան փորձում է օգտագործել Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Երեւանի հետ հարաբերությունների բարելավման համար, գրում է Hurriyet Daily News-ը:

Վիլնյուսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել իր շվեյցարացի գործընկերոջ` Միշլի Քալմի-Ռեյի հետ, ով որպես միջնորդ հանդես է եկել արձանագրությունների ստորագրման ժամանակ:

Հանդիպման նպատակն է պարզել` արդյոք Շվեյցարիան ցանկանո՞ւմ է կրկին խաղալ նույն դերը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց քայլեր կատարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ պարբերականի աղբյուրի, շվեյցարական կողմը ի գիտություն է ընդունել Դավութօղլուի դիմումը եւ կգնահատի այն ղարաբաղյան հարցի զարգացման համատեքստում:

Թուրքիան գտնվում է ԱՄՆ լուրջ ճնշման տակ հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ հայկական սփյուռքը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, թե ԱՄՆ-ում լուրջ հակաթուրքական կոալիցիա է ձեւավորվել, հրեական եւ հունական համայնքները միացել են հայկականին, եւ մտավախություն կա, որ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է հավանության արժանանալ սենատորների կողմից: