Գործող զորքերում անհրաժեշտ է ներգրավել փորձառու եւ որակյալ զինվորականների։ Պետությունը կշարունակի նրանց վճարել թոշակներ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր, փաթեթի համահեղինակ Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորը հասկանալի պատճառներով չի նշել պահեստի սպաների թիվը, սակայն վստահություն է հայտնել, որ այդ գաղափարի իրականացումը թույլ կտա զգալիորեն բարելավել իրավիճակը Զինված ուժերի կադրերի հարցում։ «Սպայական կազմում նախատեսվում է ներգրավել փորձառու սպաների, ընդհուպ մինչեւ գնդապետների եւ փոխգնդապետների մակարդակի»,- նշել է Խաչատրյանը։ Հիմնական կադրային պակասը, նրա խոսքով, նկատվում է դասակների, վաշտերի եւ գումարտակների օղակներում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագիծն ուղղված է որակյալ մարդկային ռեսուրսի ներգրավմանը, որը գտնվում է պահեստում։ Այդ մարդիկ, ինչպես նշել է նա, կներգրավվեն ծառայության սահմանամերձ եւ հատուկ նշանակության զորամասերում։ «Օրինակ, մենք կարող ենք նրանց ներգրավել այն զորամասերում, որոնք մասնագիտանում են անօդաչուների ոլորտում։ Մեզ համար մեծ նշանակություն ունեն կապի, ՀՕՊ եւ հետախուզության զորքերը։ Այսինքն՝ մենք պետք է ներգրավենք մարդկանց, ովքեր գիտելիքներ եւ փորձ ունեն եւ կարող են արագ համալրել Զինված ուժերի շարքերը»,- նշել է Պապիկյանը՝ հավաստիացնելով, որ որեւէ զանգվածային հավաքի մասին խոսք չկա։
Ընդդիմության պատգամավորներն աջակցել են այս օրենսդրական նախաձեռնությանը։ Ավելին, նրանց խոստովանմամբ, սա կառավարող խմբակցության եւ կառավարության քչաթիվ օրենսդրական նախաձեռնություններից է, որը պատաստ է հավանության արժանացնել ընդդիմությունը։
Որոշ քննարկումներից հետո պատգամավորները քվեարկել են։ Նրանք միաձայն կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին 88 ձայնով։
Երեք ժամ հետո նրանք պետք է քվեարկեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։



























