Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 8-ին որոշում ընդունեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի մերձակայքում գտնվող 148 հա անտառը անհատույց եւ անժամկետ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը հանձնելու համար:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դա հիմնավորեց նրանով, որ այդ անտառները կարեւոր նշանակություն ունեն ջրերի պաշարների կուտակման առումով, իսկ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ»-ը այդ գյուղում կառուցելու է քաղցրահամ եւ հանքային ջրերի շշալցման գործարան: Ուստի շատ կարեւոր է, որպեսզի անտառները պահպանվեն անօրինական հատումներից ու պատահական հրդեհներից:

Նշենք, որ Արտավազի այս ծրագիրը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ գյուղացիները բողոքի ակցիաներ կազմակերպեցին Երեւանում: Դեռեւս 2010 թ. փետրվարի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց Արտավազ գյուղում 95 հա հողատարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Այդ հողերի մի մասը, պարզվեց, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր Սասուն Միքայելյանին, որը լիցենզիա էր ստացել փոքր հէկ կառուցելու: Հետաքրքիր է, որ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությունը պետական գրանցում էր ստացել հենց կառավարության որոշման օրը, ու միանգամից այդ հողերը ձեռք բերելու դիմում էր ներկայացրել: Հետագայում պարզվեց, որ ընկերության բաժնետերերն են հանդիսանում մի արաբ շեյխ (անունը հայտնի չէ), ու շվեյցարական «ՍՈՒԻԶ ՌԵԱՐ ԷՍ ԷՅ» ներդրումային ընկերություն:

Նշենք, որ գյուղացիներից մի քանիսը իրենց բողոքը ներկայացրել են Եվրադատարանին, այն բանից հետո, երբ հողերը ձեռք բերող ընկերությունը հայցեր է ներկայացրել հողերի սեփականատերերի դեմ եւ շահել դատական վեճերը: