Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալը՝ 2024 թվականի վերջին, ըստ ամենայնի, կգերազանցի 700 միլիարդ դոլարը։ Դրա մասին RT-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինը։
Նա նշել է, որ պատժամիջոցների անընդհատ աճող ճնշման ֆոնին Ռուսաստանին, այնուամենայնիվ, հաջողվել է զգալիորեն վերակառուցել լոգիստիկան և իր ֆինանսական շրջագիծը։
Ներկայում Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և ԵԱՏՄ երկրները։
Ինչպես նշել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալը, թեև շատ ընկերություններ ներմուծման և արտահանման համար վճարումների հարցում դեռևս դժվարություններ ունեն, բիզնեսին, ընդհանուր առմամբ, հաջողվում է ուղիներ գտնել խնդիրները լուծելու և ապրանքների հոսքերը պահպանելու համար։
«Չինաստանն ավանդաբար երկար տարիներ խոշոր առևտրային գործընկերների ցանկում զբաղեցնում է առաջին տեղը, սակայն վերջին տարիներին նրա մասնաբաժինը զգալիորեն աճել է։ Այժմ դա արդեն կազմում է մեր արտաքին առևտրի 34 տոկոսը։ Հնդկաստանը վստահորեն հայտնվել է երկրորդ տեղում՝ շրջանցելով Թուրքիային. Հնդկաստանի մասնաբաժինը կազմում է 9%, իսկ Թուրքիայինը՝ 8%։ Հաջորդը Բելառուսն է, որը նույնպես ամրապնդել է իր դիրքերը այս վարկանիշում (8%), ապա Ղազախստանը (6%)։
Մյուս երկրների մասնաբաժինը կազմում է 2-4%: Դրանց թվում է Հայաստանը, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Այսինքն՝ ԵԱՏՄ բոլոր երկրները մեր խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում են։ Այնտեղ ներկա են նաև Կորեայի Հանրապետությունը, Գերմանիան և Իտալիան»,- ընդգծել է Իվինը։



























