Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ՔՊ-ից պահանջելով շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկման առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի ու Mediahub.am-ի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը և հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նոյեմբերի 4-ին, «Mediahub.am» լրատվական կայքի խմբագրությունն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարից նամակ է ստացել՝ լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում դադարեցնելու մասին։ Պատճառը հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած սկանդալային ընդհարումն է, որը լուսաբանվել է մի շարք ԶԼՄ-ներում։

Հատկանշական է նաև, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ-ում հավատարմագրումից։ Իսկ անպարկեշտություն, ագրեսիվություն դրսևորող ու պատգամավորական էթիկան կոպտորեն խախտող խորհրդարանականների համար նման միջադեպերը մնում են անհետևանք։ Այդպես եղավ նաև այս անգամ։

Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ մենք պահանջում ենք․

- ԱԺ աշխատակազմից՝ անհապաղ վերականգնել լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում,

- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկման առարկա դարձնել վերոհիշյալ միջադեպը և հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին»։