2011 թվականը ջավախահայության համար որոշակի ձեռքբերումների տարի էր, մասնավորապես, սոցիալ տնտեսական եւ հեռահաղորդակցության ոլորտներում:  Այս մասին, այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայերնակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով, այս տարի վերջապես ավարտին հասցվեցին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսված Ջավախքի գլխավոր մայրուղու աշխատանքները: Դա, ըստ Թորոսյանի, մի կողմից Ջավախքը կապեց Վրաստանի մայրաքաղաքի, մյուս կողմից` Հայաստանի հետ:

«Ջավախքում խորհրդային տարիներից ի վեր գլոբալ ճանապարհաշինություն տեղի չէր ունեցել»,-ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա, ձեռքբերում կարելի է համարել նաեւ տրված որոշակի խոստումները, որոնք եթե կյանքի կոչվեն, բավականին լուրջ դրական առաջընթաց կլինի Ջավախքի ենթակառուցվածքների եւ տնտեսության զարգացման առումով: «Այս կոնտեքստում նախ պետք է նշեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցի ընթացքում ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի Հայաստանն ու Վրաստանը պետք է ստեղծեն փոխանցիկ սահմաններ, իսկ սահմանային հատման ռեժիմները պետք է պարզեցվեն»,- ասաց նա, հիշեցնելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը Աջարիայի տարածքով Սեւ ծովին կապող ճանապարհ պետք է կառուցվի, ինչը կնպաստի թե’ Հայաստանի, թե’ Վրաստանի տնտեսական առաջընթացին: