Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի երկարամյա սիրեցյալը՝ Թրեյսի Քոլինզը, անցյալ շաբաթ հրաժարական է տվել Նյու Յորքի պետական դպրոցների համակարգում զբաղեցրած իր բարձր պաշտոնից:

Դա տեղի է ունեցել, քանի որ համակարգի ներքին հսկիչ մարմինը և Հետաքննությունների վարչությունը ուսումնասիրում են այն պնդումները, որ նա հաճախ չի ներկայացել աշխատանքի, որի համար վեցանիշ գումարի աշխատավարձ է ստացել, հաղորդում է Daily News-ը:

Քոլինզի վերջին աշխատանքային օրը նոյեմբերի 1-ին է եղել, իսկ կրթության նախարարությունից նրա հեռացումն ուժի մեջ է մտել անցած երկուշաբթի, ասել է գործակալության ներկայացուցիչ Նաթանիել Սթայերը:

Հաղորդվում է, որ 61-ամյա Քոլինզը տասնամյակներ շարունակ աշխատել է քաղաքի պետական դպրոցների համակարգում և եղել է ամենաբարձր վարձատրվող աշխատակիցներից մեկը: Նրա հեռանալը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հետաքննությունների վարչությունը վերջերս սկսել է ստուգել Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյայի բողոքը, որում ասվում է, որ Քոլինզը հազվադեպ է անձամբ ներկայանում աշխատանքի և վարում է պարզեցված ժամանակացույց, որը հիմնականում բաղկացած է վիրտուալ հանդիպումներից, տեղեկացրել են հարցին իրազեկ աղբյուրները։

Հիշեցնենք, որ Նյու Յորքի քաղաքապետը կասկածվում է Թուրքիայի հետ կոռուպցիոն կապերի մեջ։

Նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել  կաշառակերության, էլեկտրոնային միջովների կիրառմամբ խարդախության, օտարերկրյա քաղաքացուց նվիրատվություններ շորթելու և դավադրության մեղադրանքներով: Նրան մինչև 45 տարվա ազատազրկում է սպառնում։