ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Ռահման Շադիդը արաբական երկրներին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել Գազայում Իսրայելի ագրեսիան կասեցնելու համար, հայտնում է Al Jazeera-ն։

Բացի դրանից, ըստ Շադիդի, արաբական երկրները, որոնք կարգավորել են հարաբերություններն Իսրայելի հետ, պետք է խզեն այդ կապերը և պաղեստինյան գործի մասնակից ու աջակից դառնան։

«Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ի աջակցությամբ պաղեստինյան խնդրին վերջ դնելու վտանգավոր ծրագիր կա։

Իսրայելի ծայրահեղ աջակողմյան կառավարության նպատակն է վերացնել պաղեստինցիների գոյությունն ու ինքնությունը և լիակատար վերահսկողություն հաստատել իր բռնազավթած Արևմտյան ափի վրա։ Այն, ինչ կատարվում է Արևմտյան ափում, վտանգավոր ծրագիր է, և բոլոր պաղեստինցիները պետք է պաշտպանեն իրենց գործը և իրենց հողը:

Միակ ելքն այն է, որ Պաղեստինի ժողովուրդը պաշտպանի իր իրավունքները և դիմադրի իսրայելական օկուպացիային»,-Ըստ Կատարի լրատվամիջոցների՝ շեշտել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: