Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգեյ Կովալեւն իր ներողությունն ու անկեղծ ցավակցությունն է հղել իր զոհված մրցակից Ռոման Սիմակովի հարազատներին ու մտերիմներին` խոստանալով իր հաջորդ մենամարտի հոնորարը փոխանցել նրա ընտանիքին: Սակայն զոհված բռնցքամարտիկի ընտանիքը չի ցանկանում նրա հետ խոսել:

Հիշեցնենք, որ Սիմակովը մահացել է ուղեղի վնասվածքի արդյունքում, որը նա ստացել էր Եկատերինբուրգում դեկտեմբերի 5-ին Կովալեւի հետ մենամարտի ժամանակ: 27-ամյա բռնցքամարտիկը`  մինչեւ 79,38 կգ քաշային կարգում  WBC վարկածով Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար մղվող մենամարտի 7-րդ ռաունդում պարտություն է կրում նոկաուտով: Մենամարտից հետո նա ընկնում է կոմայի մեջ եւ տեղափոխվում հիվանդանոց: Բժիշկները նրան վիրահատում են, սակայն բռնցքամարտիկը մահանում է, գիտակցության չգալով:

«Խնդրում եմ, ներեք ինձ, Աստված վկա, ես չէի ուզում դա եւ չեմ ձգտել այդպիսի ելքի: Աստված Ռոմանի հոգին լուսավորի»,- գրել է Սերգեյն իր պաշտոնական կայքէջում:

Կովալեւովն ընդգծել է, որ մենամարտի ժամանակ ցանկացել է, որ այն ավարտվի 6-րդ ռաունդից հետո, իսկ 7-րդ ռաունդում խնայել է մրցակցին, տեսնելով, որ նա իրեն վատ է զգում:

«Նոկդաունից հետո ես մտածեցի, որ Ռոմանն արդեն չի շարունակի մենամարտը: Ես շատ էի ուզում, քանի որ նա արդեն բաց էր թողել շատ հարվածներ...Ճիշտն ասած, ես զարմացել էի նրա կանգունությանը, համբերությանն եւ բնավորությանը, երբ նա որոշեց շարունակել մենամարտը: Եթե ուշադիր նայեք տեսանյութը, ապա կտեսնեք, որ 7-րդ ռաունդում ես ոչ մի անգամ չեմ հարվածել Ռոմանի գլխին...»,- բացատրել է բռնցքամարտիկը:

«Իմ հաջորդ մենամարտը, եթե ես եւս մեկ անգամ դուրս գամ ռինգ կնվիրեմ Ռոման Սիմակովին, իսկ հոնորարը, որը կստանամ, կփոխանցեմ նրա ծնողներին` ի հիշատակ Սիմակովի: Ներիր ինձ Ռոմա, եւ հանգչիր խաղաղությամբ»,- Կովալեւովի խոսքեր է փոխանցում NEWSru.com-ը: