Լեհաստանի կառավարությունը դիտարկում է կանխիկ վճարումների հնարավորությունը այն ներգաղթյալներին, որոնք կհամաձայնեն Լեհաստանից վերադառնալ իրենց երկրները։ Դրա մասին հայտնում է Radio Zet ռադիոկայանը։

«Սա այն գործիքներից մեկն է, որը մեծացնում է հնարավորությունները, որ տվյալ անձը կամովին կվերադառնա իր ծագման կամ տարանցիկ պետություն»,- ռադիոկայանին ասել է ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Դուշչիկը:

Ըստ նրա՝ վճարումների մասին օրինագիծը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի Սեյմի պատգամավորների քննարկմանը։ Հաստատվելու դեպքում վճարումները կարող են սկսվել 2026 թվականի հունվարից։

Միաժամանակ պաշտոնյան բացառել է Իտալիայի կամ Մեծ Բրիտանիայի օրինակով Լեհաստանում ներգաղթյալների համար ճամբարներ ստեղծելու հնարավորությունը։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը չի ​​նշել այն գումարը, որը նախատեսում են տալ Լեհաստանը լքել համաձայնած ներգաղթյալին։