Նոտր Դամի տաճարի պաշտոնական բացումից ութ օր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ շրջայց է կատարել վերանորոգված և վերականգնված Աստվածամոր տաճարում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Առաջին անգամ հանրությանը ցուցադրվում են վերակառուցման աշխատանքները։ Երբ 2019-ին 12-րդ դարի գոթական գլուխգործոցը այրվեց, Մակրոնը խոստացավ ոչ միայն վերականգնել այն հինգ տարվա ընթացքում, այլև այն «նույնիսկ ավելի գեղեցիկ» դարձնել, քան նախկինում: Շուրջ 250 ընկերություններ և հարյուրավոր փորձագետներ ներգրավված են եղել «դարի շինհրապարակ» անունը ստացած մաքուր նվիրատվությունից գոյացած 700 միլիոն եվրո արժողությամբ վերականգնողական աշխատանքներում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահը երախտագիտություն է հայտնել դոնորներին և ամբողջ աշխարհին՝ ցուցաբերած համերաշխության համար։
«Հենց ձեր առատաձեռնությունը հնարավոր դարձրեց վերականգնել Աստվածամոր տաճարը»,-նշել է Ֆրանսիայի նախագահը, հավելելով, որ տաճարը «մեր երկրի հոգին է և պատկանում է յուրաքանչյուրին»։




























