Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Դրապատին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի թելեգրամյան ալիքին։

Ըստ Զելենսկու՝ այսօր նա լսել է գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի զեկույցը՝ ռազմաճակատում և Կուրսկի գործողության շրջաններում տիրող իրավիճակի մասին։

«Միաժամանակ ես ու գլխավոր հրամանատարը մեր բանակի համար մի քանի կադրային որոշումներ ենք ընդունել։ Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Դրապատին։ Օլեգ Ապոստոլը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ»,-գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը ուկրաինական բանակի մարտունակության բարձրացումն է։ Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է ապահովել զինվորականների պատրաստման որակը և Ուկրաինայի զինված ուժերում մարդկանց կառավարման նորարարական մոտեցումներ ներդնել։

Դրապատին հայտնի է որպես Խերսոնի շրջանի աջ ափի ազատագրումը գլխավորած հրամանատարներից մեկը։

2016 թվականին նշանակվել է 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Սումիի շրջանում Կոնոտոպի շտաբում) հրամանատար:

2019 թվականին նա երկամյա վերապատրաստում է անցել Ուկրաինայի Իվան Չերնյախովսկու անվան ազգային պաշտպանության համալսարանում, իսկ մինչև 2024 թվականը ղեկավարել է Խերսոնի օպերատիվ խումբը։