Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Սիրիայում կարգավորման գործընթացում, մինչդեռ սխալ է համարում ցանկացած արտաքին միջամտություն հարեւան երկրի իրավիճակին։ Նման դիրքորոշում է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ Անկարայում բանակցություններից հետո։ Հեռարձակումն իրականացվել է թուրքական նախարարության սոցիալական ցանցերի էջերում։
«Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Դամասկոսը պետք է հաշտվի սեփական ժողովրդի և օրինական ընդդիմության հետ։ Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ ուղղությամբ։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք գործողությունները համակարգել Իրանի հետ, որի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում կարևոր աշխատանք ենք կատարել։ Մենք միշտ հանդես ենք եկել Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության օգտին և կշարունակենք դա անել ապագայում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ այս փուլում սխալ կլինի փորձել Սիրիայում սրումը բացատրել արտաքին միջամտությամբ՝ այն անվանելով «նրանց մոլորությունը, ովքեր չեն ցանկանում հասկանալ Սիրիայի իրողությունները։ «Այս պահին Սիրիայում վերսկսված մարտերի պատճառն այն է, որ այս երկրի փոխկապակցված խնդիրները չեն լուծվել ավելի քան 13 տարի»,- հավելել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Անկարան թույլ չի տա տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններին օգտվել իրավիճակից. «Մեր կառույցները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը Սիրիայում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում հնարավոր խնդիրները կանխելու համար»։





























