Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ին քվեարկության է դնելու ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը:

Օրինագիծը ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, եւ դեկտեմբերի 7-ին  Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը ընդունել էր այս օրինագիծը, որ վերաբերում է վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին: Հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է որպես պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի ենթարկողների համար մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

«Սա նոր նախագիծ է եւ կարծում եմ, որ կընդունվի այս տարի: Եւ դրանից հետո պետք է Սենատ ուղարկվի, որպեսզի հաստատվի»,- նշեց Հիլդա Չոբոյանը` կարծիք հայտնելով, որ Սենատն էլ մինչեւ մայիսի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները կընդունի այս օրինագիծը. «Հանդիպումներից այդ տպավորությունը ստացանք, որ ընկերվարական (սոցիալիստական-խմբ.) կուսակցությունը տրամադրված է ընդունել այն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հիլդա Չոբոյանը, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մյուս օրինագիծը չի ընդգրկվել Ֆրանսիայի Սենատի օրակարգ: