Գլենդելի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է շաբաթ երեկոյան: Նա հարվածել է կայանած մեքենաներից մեկին, եւ երբ ոստիկանության սպան փորձել է կանգնեցնել նրան, հետադընթաց կատարելով` նրա «Տոյոտա» ավտոմեքենան հարվածել է ոստիկանության պարեկային մեքենային: Այս մասին տեղեկացնում է «Glendale News-Press»-ը:
Սպան վթարի հետեւանքով չի տուժել, բայց վարորդ Արմեն Կիրակոսշիրվանյանը ձերբակալվել է` ավտոմեքենան ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ վարելու, ոստիկանության սպայի վրա հարձակվելու եւ զենք կիրառելու մեղադրանքով:
Սպան արձագանքել է հարձակման մասին կանչին երեկոյան ժամը 9-ից հետո, որբ տեսել է կարմիր «Toyota Avalon»-ը, որը համապատասխանում էր կասկածյալի նկարագրված ավտոմեքենային: «Toyota Avalon»-ը կարմիր լույսի տակով է անցել, մեքենան փախցրել է, որպեսզի խուսափի բախումից, այնուհետեւ հարվածել է մոտերքում կայանած մի ավտոմեքենայի: Սպան միացրել է պարեկային մեքենայի ազդանշանը եւ առկայծող փարոսիկները եւ սկսել հետապնդել Կիրակոսշիրվանյանին:
«Toyota»-ն կարճ ժամանակով կանգ է առել, սպան էլ նրա հետեւից: Այդ ժամանակ Կիրակոսշիրվանյանը հետընթաց է կատարել` հարվածելով ոստիկանության մեքենային եւ վնասելով դրա առջեւի հատվածը:
Սպան իսկույն դուրս է եկել մեքենայից եւ ատրճանակը պահել Կիրակոսշիրվանյանի վրա: Կիրակոսշիրվանյանը, ենթադրվում է, մեքենայից իջնելիս սայթաքել է, քանի որ հարբած է եղել: Նա անգամ բռունցքներով փորձել է հարձակվել ոստիկանության սպայի վրա:




























