«Միսս Ռուսաստան-98» Աննա Մալովան ամանորյա տոները կանցկացնի ամերիկյան բանտում: Նման որոշում է կայացրել դեկտեմբերի 13-ին Նյու Յորքի դատարանը: Մալովայի գործով հերթական դատական նիստը կկայանա հունվարի 3-ին, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախկին գեղեցկուհին բանտում է հայտնվել դեկտեմբերի սկզբին` Բրոնքսի վերականգնողական կենտրոնում սկանդալային վարքի համար, որտեղ նա հայտնվել էր թմրակախվածությունից բուժվելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 39-ամյա նախկին գեղեցկուհի Մալովային Նյու Յորքում բռնել էին Strawberry խանութի հսկիչները` 10 դոլարանոց գլխարկ եւ 135 դոլարանոց սանդալներ գողանալու փորձի համար: Ոստիկանությունում նրան մեղադրել էին մանր կողոպուտի եւ ուրիշի գույքը յուրացնելու մեջ:
Դա ԱՄՆ-ում Մալովային ներկայացված առաջին մեղադրանքը չէ, նրան վերջին կես տարում 14 նմանատիպ իրավախախտումների մեջ են մեղադրել: Նա մեղադրվել է թմրամիջոցներ ստանալու նպատակով բժշկական դեղատոմսեր կեղծելու մեջ, ինչպես նաեւ մանր կողոպուտի, կեղծիքի, թմրանյութերի ապօրինի պահպանման, գողության եւ դեղատոմսային ձեւաթղթերի կեղծման մեջ: Սակայն Աննա Մալովան իրեն մեղավոր չի ճանաչել:
Վերականգնողական ծրագրի հաջող ընթացքը Մալովայի վրայից բոլոր մեղադրանքները հանելու պայմանն էր: Այժմ գեղեցկության 39-ամյա նախկին թագուհին պետք է դատարանի առաջ պատասխան տա:
Մալովան «Միսս Ռուսաստան» տիտղոսն ստացել է 1998թ., նույն թվականին էլ «Միսս տիեզերք» մրցույթում գեղեցկուհիների առաջին տասնյակում է հայտնվել:




























