«2010թ. բյուջեի նախագիծը չի բավարարում կառավարության հայտարարած հակաճգնաժամային ծրագրին եւ չի նպաստում այն խնդիրների լուծմանը, որ դրված են կառավարության առջեւ. այս նախագիծը գոյությունը պահպանելու նախագիծ է»,- նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշելով, որ 2010թ. բյուջեի նախագծում հստակ ռազմավարության բացակայությունն ակնհայտ է, նա դրա վկայությունը համարեց մակրոտնտեսական կայունության եւ ՀՆԱ-ի նվազեցումը, տրանսֆերտների շուրջ 30 տոկոս կրճատումը եւ աննպաստ դրության առկայությունը արտահանման ոլորտում։ «Թեպետ 2010թ. բյուջեի նախագծում նախատեսվում է 2.8 տոկոս գնաճ, սակայն նման պնդումներն անիրատեսական են, իսկ արտաքին պարտքը, որ կազմելու է շուրջ 41 տոկոս, վտանգ է ներկայացնում ոչ թե թվի մեծության, այլ այդ գումարները ճիշտ ծախսելու առումով»։

Նկատելով, որ վիճակն այսքան սուր չէր լինի, եթե երկրի տնտեսությունն այսչափ կախված չլիներ Կենտրոնական բանկից, այլ կերպ՝ ՀՀ տնտեսությունը չլիներ բանկային, Ա. Մինասյանը չբացառեց, որ հաջորդ տարի կառավարությունն ուժեղ միջամտություն ցույց կտա հատկապես դոլարի արժեվորման-արժեզրկման երեւույթներին՝ գործընթացը մոտեցնելով ֆիքսված եւ ոչ թե լողացող քաղաքականությանը։ «Տնտեսությունը կաթվածահար եղավ այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը, ազատվելով Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից, ՀՀ վարչապետ դարձավ։ Իսկ նրա այն պնդումները, թե տնտեսական անկումը կանգ է առել, չեն համապատասխանում իրականությանը։ Անկումը դեռեւս շարունակվում է»,- եզրափակեց նա։