Ադրբեջանի Լենքորանի թալիշ հոգեւորականները պահանջում են վերացնել Կովկասի մահմեդականների վարչությունը եւ դրա փոխարեն Թուրքիայի օրինակով Կրոնական գործերի նախագահության ստեղծել:
«Այսօր Ադրբեջանի մի շարք վայրերում շարունակում են բռնություններ կիրառել Աշուրայի սգո արարողությունն անցկացնել ցանկացող հոգեւորականներ դեմ: Նույնը տեղի է ունենում նաեւ Լենքորանում: Այդ ամենը հաշվի առնելով` մեր պարտքն ենք համարում Ձեզ տեղյակ պահել, որ կողմնակից ենք Ձեր եւ Ձեր ղեկավարած վարչության վերացմանը եւ դրա փոխարեն Թուրքիայի օրինակով Կրոնական գործերի նախագահության ստեղծմանը»,-ասված է Ադրբեջանի Լենքորանի շրջանի մի խումբ հոգեւորականների կողմից Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղղված բաց նամակում, հաղորդում է ադրբեջանական Faktxeber.com կայքը:
Նամակում Լենքորանի հոգեւորականները իրենց դժգոհությունն են արտահայտել Լենքորանի հոգեւոր ոլորտում ստեղծված անտանելի դրության կապակցությամբ` նշելով, որ դրանում գլխավորապես մեղավոր է շեյխի` հարավային տարածաշրջանի գծով լիազոր ներկայացուցիչ Գանի (Սադի) Ախունդզադեն, ով հակաշիական գործունեություն է վարում: Նամակում նշված է, որ հոգեւորականները բազմիցս, տարբեր մեթոդներով փորձել են տեղյակ պահել շեյխին Ախունդզադեի քայլերի մասին, սակայն ոչ մի հաջողության չեն հասել: «Մենք ընդհանրապես հիասթափվել ենք Ձեզնից եւ Կովկասի մահմեդականների վարչությունից: Ցարիզմի եւ խորհրդային վարչակարգի մնացուկ այդ կառույցը այլեւս կորցրել է իր նշանակությունը: Չնայած իր հնչեղ անվանը, Կովկասի մահմեդականների վարչության գործունեությունը սահմանափակվում է զուտ Ադրբեջանով: Կովկասի այլ հատվածներում ընդհանրապես չեն ընդունում այդ վարչությունը` որպես հոգեւոր ղեկավար կառույց: Չնայած Ադրբեջանում կարեւոր պաշտոն եք զբաղեցնում, այդուհանդերձ Դուք չեք պաշտպանում հավատացյալների շահերը, կապ չեք ստեղծում հոգեւորականների եւ պետության միջեւ, ավելից Ձեր գործունեությամբ հանգեցրել եք անդունդի առաջացմանը: Դուք լռում էիք, երբ քանդում էին մզկիթները, ինչպես նաեւ հիջաբների խնդրի հետ կապված հարցի ժամանակ»,-մեջբերում է Faktxeber.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանի հոգեւորականներն ավելի սերտորեն կապված են Իրանի այաթոլաների, քան Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Այսպիսով, ադրբեջանական մզկիթների մեծ մասը չի ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչության վերահսկողությանը: Ավելին, ադրբեջանցի հոգեւորականների գերիշխող մեծամասնությունն Իրանից եկած հրամաններով է առաջնորդվում եւ կազմակերպում կրոնական տոները:




























