Ֆրանսիացի հնագետները հայտնաբերել են 1800 տարվա հնության ոսկե մատանի՝ հռոմեական սիրո աստվածուհու՝ Վեներայի դաջված դիմանկարով, ինչպես նաև շատ ավելի ուշ դարաշրջանի՝ տարածաշրջանում Կարոլինգյան կայսրությունը կառավարման շրջանի մի բուռ մետաղադրամ: Դրա մասին գրել է Live Science-ը։
Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP) հաղորդագրության մեջ ասվում է, որ մատանին գտել են Բրետանի Պակե քաղաքի մոտակայքում «բացառիկ պահպանված»: Թանկարժեք քարը փորագրված է Վեներա Վիկտրիքսի պատկերով, որը թարգմանաբար նշանակում է «Հաղթական Վեներա», հայտնում է INRAP-ը։ Թանկարժեք քարն օնիքսի տեսակ է, որը հղկված է այնպես, որ սևի ավելի հաստ շերտի վրա երևում է թույլ կապտավուն շերտ:
Մատանու կենտրոնի քարը ոսկե շրջանակով է, շուրջը փորագրված են գծանախշեր։
Մատանին թվագրվում է մ.թ. երկրորդ կամ երրորդ դարով, երբ տարածաշրջանը կառավարում էր Հռոմեական կայսրությունը, ինչը բացատրում է, թե ինչու է այն հայտնաբերվել հռոմեական ճանապարհի վրա:
Նույն վայրում հնագետները հայտնաբերել են մոտ 1300 տարի առաջ գոյություն ունեցած միջնադարյան գյուղի մնացորդներ: Հնագետները հայտնաբերել են տների, գյուղատնտեսական դաշտերի, արոտավայրերի և պահեստավորման համար օգտագործվող ստորգետնյա անասնակերի հորերի մնացորդներ: Այս շերտից առավել «բացառիկ» գտածոն մ.թ. 9-10-րդ դարերի տասնյակ մետաղադրամներ են, որոնք ի պահ են դրվել միասին։
Մետաղադրամները թվագրվում են այն ժամանակներից, երբ Կարոլինգյան կայսրությունը իշխում էր այդ տարածքում՝ ընդգրկելով ժամանակակից Ֆրանսիայի մեծ մասը և Արևմտյան Եվրոպայի հարևան շրջանները: Այնուամենայնիվ, կայսրությունը թուլացավ վիկինգների արշավանքների պատճառով, ինչը ստիպեց հողը զիջել վիկինգների ջոկատներին: Գյուղն էլ, ըստ երևույթին, լքվել է 10-րդ դարում՝ վիկինգների դարաշրջանում։





























