Հայաստանում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք պատրաստ են բաժնետոմսեր թողարկել, սակայն վստահ չեն, որ կապիտալի շուկան կարձագանքի բաժնետոմսերի թողարկմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց NASDAQ OMX Armenia ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այսօր բորսայում շրջանառում են 10 ընկերության պարտատոմսեր եւ 11 ընկերությունների բաժնետոմսեր։ Ըստ նրա՝ բաժնետոմսերի շուկայի թույլ զարգացվածության պատճառները մի քանիսն են։
Նախեւառաջ, կապիտալի շուկան կամ հասարակությունը վստահություն չունի բաժնետոմսերի նկատմամբ։ «1993 թվականին, երբ սկսվեց մասնավորեցումը, մարդկանց բավարար չափով չբացատրեցին թե ինչ է բաժնետոմսը, իսկ հետագայում նրանց ձեռքից չնչին գումարներով ետ գնեցին արժեթղթերը, բայց հետագայում նույն մարդիկ իմացան, որ իրենցից 500 դրամով գնված բաժնետոմսն այսօր արժի 200 դոլար»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտություն կա։
Ա. Մելիքյանի կարծիքով, խնդիր է նաեւ կապիտալի շուկայում փողի պակասը, եւ պոտենցիալ թողարկողները մտավախություն կարող են ունենալ, որ բաժնետոմսերի նկատմամբ հնարավոր է շատ քիչ պահանջարկ լինի։ Ըստ նրա՝ արժեթղթերի շուկայում որոշակի ակտիվություն սկսվեց 2008թ.-ից։ «Ընկերությունները պարտատոմսեր թողարկեցին։ Դա հնարավորություն էր տալիս նրանց` բանկերից բարձր տոկոսով վերցված վարկերը վերադարձնել, փոխելով փոխառու ռեսուրսների կառուցվածքը»,- նշեց բորսայի տնօրենը՝ ավելացնելով, որ 2008-ից սկսած ակտիվությունը նվազեց, երբ սկսվեց ֆինանսական ճգնաժամը։ Ա. Մելիքյանի խոսքով, ֆինանսական ճգնաժամի պատճառով արտասահմանցի ներդրողները, որոնք էլ հիմնականում բաժնետոմսեր թողարկող ընկերությունների բաժնետերերն են, Հայաստանում ներդրումները դադարեցրին։ «Ընդհանուր առմամբ, բորսայում ակտիվություն ենք սպասում 2010թ.-ի կեսերից, որովհետեւ բազմաթիվ երկրներում այդ ժամանակ տնտեսության առողջացում է կանխատեսվում»,- նշեց նա։ Ըստ նրա՝ Հայաստանի կապիտալի շուկան կաշխուժանա նաեւ կենսաթոշակային համակարգի բարեփոխումից հետո։



























