Գրենլանդիան կարող է անկախանալ, եթե նրա ժողովուրդը դա ցանկանա, բայց դժվար թե այն դառնա Միացյալ Նահանգների մաս՝ չորեքշաբթի օրը հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարն այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բացառել ուժի կիրառումը Արկտիկայի կղզին վերահսկողության տակ վերցնելու համար՝ հաղորդում է Reuters-ը
Գրենլանդիայի առաջնորդը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի թագավորին չորեքշաբթի օրը, մեկ օր անց այն բանից հետո, երբ Թրամփի խոսքերը դանիական տիրապետության տակ գտնվող հանքանյութերով հարուստ և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կղզու ճակատագրի մասին համաշխարհային լուրերի առաջին սյունակներում են հայտնվել։
Թրամփը, ով ստանձնում է նախագահի պաշտոնը հունվարի 20-ին, երեքշաբթի ասել է, որ չի բացառի ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու համար: Նույն օրը Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, մասնավոր այցով մեկնել է Գրենլանդիա։ Գրենլանդիան, որը ՆԱՏՕ-ի մաս է կազմում Դանիայի անդամակցության շնորհիվ, ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ բանակի և բալիստիկ հրթիռների վաղ նախազգուշացման համակարգի համար, քանի որ Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա ամենակարճ ճանապարհն անցնում է Արկտիկայի կղզով:
ԱՄՆ նորընտիր նախագահը հասկացրել է, որ վարելու է ավելի կոշտ արտաքին քաղաքականություն, որն անտեսում է ավանդական դիվանագիտական ձևականությունները: Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, 600 տարի եղել է Դանիայի կազմում, թեև նրա 57000 բնակիչներն այժմ ինքնուրույն են տնօրինում իրենց ներքին գործերը։ Կղզու կառավարությունը՝ վարչապետ Մութե Էգեդեի գլխավորությամբ, ձգտում է վերջնական անկախության։
«Մենք լիովին գիտակցում ենք, որ Գրենլանդիան ունի իր սեփական հավակնությունները: Եթե դրանք իրականանան, Գրենլանդիան կդառնա անկախ, թեև դժվար թե ԱՄՆ-ի կազմում դաշնային պետություն դառնալու հավակնություններ ունենա»,- ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենը։
Նա լրագրողներին ասել է, որ Արկտիկայի անվտանգության վերաբերյալ Միացյալ Նահանգների սրված մտահոգությունները օրինական են՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ակտիվության աճից հետո:
«Չեմ կարծում, որ մենք արտաքին քաղաքական ճգնաժամի մեջ ենք: Մենք բաց ենք ամերիկացիների հետ երկխոսության մեջ այն հարցում, թե ինչպես կարող ենք ավելի սերտորեն համագործակցել, քան հիմա՝ ապահովելու ամերիկյան հավակնությունների իրականացումը»,- ասել է նա:
Մինչդեռ, մինչ Դանիան ինքը նսեմացնում էր Թրամփի կողմից իր տարածքին սպառնացող վտանգի խստությունը, վերադարձող նախագահի՝ ԱՄՆ սահմանները ընդլայնելու բացահայտ հայտարարված ցանկությունը ցնցել է եվրոպացի դաշնակիցներին՝ նրա պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ առաջ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան թույլ չի տա այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա, թեև չի հավատում, որ ԱՄՆ-ը կներխուժի Գրենլանդիա: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զարմանք է հայտնել Գրենլանդիայի և Կանադայի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ եվրոպացի գործընկերները միաձայն պաշտպանում են սահմանների անձեռնմխելիությունը։
Գրենլանդիայի հարաբերությունները Դանիայի հետ վերջին շրջանում սրվել են գրենլանդացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեղադրանքների պատճառով: Էգեդեն ասել է, որ կղզին չի վաճառվում, իսկ իր ամանորյա ելույթում նա ամրապնդել է անկախության մղումը: Դանիան հայտարարում է, որ միայն գրենլանդացիները կարող են որոշել տարածքի ճակատագիրը։ Գրենլանդիայի ֆինանսների նախարար Էրիկ Յենսենը կրկնել է, որ Գրենլանդիան չի վաճառվում։ «Մենք ուզում ենք մի օր անկախ լինել։ Բայց մեր նպատակը մի երկրի կառավարումից մյուսի կառավարմանը անցնելը չէ»,- ասել է նա:
Իր հերթին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի օրը ասել է, որ չի կարող պատկերացնել, որ Թրամփի հավակնությունները կհանգեցնեն Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական միջամտության։
Դանիայի ռազմական հնարավորությունները Գրենլանդիայում սահմանափակվում են չորս տեսչական նավով, Challenger հսկողության ինքնաթիռով և շների սահնակ պարեկներով: Արձագանքելով Դանիայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքին, որը Danske Bank-ի վերլուծաբանների կարծիքով կարող է «շատ վնասակար լինել դանիական ընկերությունների համար», Ֆրեդերիկսենն ասել է, որ ինքը Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմը չի տեսնում որպես առաջ ընթանալու լավագույն ճանապարհ:
Դանիայում է գտնվում Եվրոպայի խոշորագույն Novo Nordisk ընկերությունը, որն արտադրում է Wegovy նիհարեցնող դեղամիջոցը, որը չափազանց տարածված է դարձել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ առևտրային գործընկեր Միացյալ Նահանգներում: Դանիայի թագավորական պալատը մանրամասներ չի հայտնել Էգեդեի հետ Ֆրեդերիկ թագավորի հանդիպման մասին։
Անցյալ ամիս թագավորական պալատը փոխել է իր զինանշանը՝ մեծացնելով Գրենլանդիան խորհրդանշող սպիտակ արջի պատկերը։





























