Ադրբեջանի Լենքորանի շրջանում ադրբեջանական զորքեր են տեղակայվել, քանի որ Նարիմանաբադ գյուղում բախումներ են սկսվել տեղաբնիկների եւ զինվորականների միջեւ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը` նշելով, որ բախումների հետեւանքով զոհվել է մեկ մարդ:
«Զինվորականները ձկնորսներից մեծ գումար են պահանջել, որպեսզի թույլ տա նրանց մոտենալ ծովին: Դրա հետեւանքով տեղաբնիկների համբերության բաժակը լցվել է, եւ նրանք հաշվեհարդար են փորձել տեսնել զինվորների հետ: Սկսված բախումների արդյունքում ավանում ծանր իրադրություն է ստեղծվել, մեկ մարդ զոհվել է, զինվորներից մեկին էլ գերի են վերցրել»,-գրում է «Տրիբունա»-ն:
Ներկայումս Լենքորանի եւ Մասալայի ՆԳՆ Զորքերը տեղակայվել են Նարիմանաբադում` իրադրությունը հանդարտեցնելու նպատակով: Վերջին տեղեկություններով, տաս ձկնորսներ են ձերբակալվել, իսկ բնակիչները պահանջում են ազատել նրանց:
Աղբյուրը հայտնում է, որ վերոնշյալ ավանում հաճախ են բախումներ տեղի ունենում տեղաբնիկների եւ զինվորների, ինչպես նաեւ պետական կառույցի այլ ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ, Նամիրաբադի բնակիչները գերի էին վերցրել ավան այցելած Լենքորանի շրջանային ղեկավարին եւ բաց էին թողել միայն երկար բանակցություններից հետո:




























