Պանամայի գլխավոր վերահսկիչ-ստուգիչ վարչությունը սկսել է ստուգել հոնկոնգյան Hutchison Ports ընկերության գործունեությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին, հայտնել է Financial Times թերթը (FT):

Հոնկոնգում տեղակայվող ընկերությունն ընդհանուր առմամբ շահագործում է 53 նավահանգիստ 24 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, ինչպես նաեւ նավահանգիստներ Պանամայի ջրանցքի երկու կողմերում: «Աուդիտորները ժամանել են [ընկերություն] համապարփակ աուդիտ իրականացնելու նպատակով, որի նպատակն է ապահովել հանրային ռեսուրսների արդյունավետ եւ թափանցիկ օգտագործումը»,- թերթը մեջբերել է պանամացի աուդիտորների խոսքերը:

Հոնկոնգյան ընկերությունը նավահանգիստները կառավարելու իրավունք է ստացել 1997թ., իսկ նրա կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգվել է 2021թ.։ Ավելի վաղ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ «Ռոտոնդա»-ում իր երդմնակալության ելույթում, Թրամփը պնդել է, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «հիմար նվեր էր, որը չպետք է տրվեր»: Թրամփի խոսքով՝ «Չինաստանը վերահսկում է Պանամայի ջրանցքը»։