Կապանի Գանձասարը 2011-ին երկրորդ անգամ իր պատմության մեջ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալները: Առաջնության ամբողջ ընթացքում թիմն առաջատար եռյակում էր, որոշ ժամանակ, նույնիսկ, գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն տեղը մրցանակային եռյակում Գանձասարն ապահովեց մեծ դժվարությամբ: Միայն վերջին տուրում ոչ ոքի խաղալով Բանանցի հետ` Աբրահամ Խաշմանյանի թիմը գրավեց երրորդ տեղը:
«Գանձասարը լավ մրցաշրջան անցկացրեց: Օգտագործելով իր ամբողջ ներուժը` թիմը կարողացավ գրավել երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր: Իհարկե, առաջնության ընթացքում ավելի բարձր տեղ էլ ենք զբաղեցրել, բայց եթե իրական գնահատական տամ թիմի խաղին, ապա պետք է ասեմ, որ Գանձասարը պատրաստ չէր պայքարել չեմպիոնական մեդալների համար: Այնպես որ` բրոնզե մեդալները հաջողություն է թիմի համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Աբրահամ Խաշմանյանը:
Թիմի գործադիր տնօրեն Վլադիմիր Առաքելյանն այժմ առաջնային խնդիր է համարում երրորդ տեղի արդյունքը գերազանցելը. «Մենք կրկնեցինք երկու տարվա վաղեմության մեր հաջողությունը, ինչը բավարար արդյունք է: Բայց Գանձասարն ավելի բարձր տեղ կարող էր զբաղեցնել: Այս նվաճումով բավարարվել չի կարելի: Կփորձենք, վերջապես, գերազանցել նաեւ այս արդյունքը»:
Թիմի ամենափորձառու ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ հավասար խաղ ցուցադրել ամբողջ առաջնության ընթացքում հնարավոր է` չստացվեց նաեւ հոգեբանական գործոնի հետեւանքով:
«Առաջնության արդյունքները Գանձասարի համար վատ չեն: Թիմը մրցանակակիր դարձավ: Եթե ավելի հաջող խաղայինք վերջին շրջանում, ապա կարող էինք նվաճել ավելի բարձր տեղ: Բայց երրորդ տեղն էլ մեզ հնարավորություն տվեց խաղալ Եվրոպայում: Հավասար անցնել առաջնությունը չհաջողվեց: Հնարավոր է` թիմը հոգեբանորեն պատրաստ չէր ավելի բարձր արդյունքի: Սակայն առաջնությունը հեշտ չդասավորվեց, մի քանի թիմեր մրցանակային եռյակ մտնելու հավասար հնարավորություններ ունեին: Չմոռանանք, որ միայն վերջին տուրի արդյունքում հայտնի դարձան բոլոր մեդալակիրները»,- նշեց Արթուր Քոչարյանը:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը




























