ՀՀԿ-ն դեռ չի քննարկել ընտրությունների վերաբերյալ որեւէ հարց. հավանաբար փետրվար-մարտին կլինի կուսակցության համագումարը, որտեղ կընտրվի ղեկավար մարմին, որից հետո միայն կներկայացվեն ՀՀԿ ընտրական ցուցակն ու թեկնածուները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե իր կարծիքով, ԲՀԿ-ն հաջորդ նախագահական ընտրություններում կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հաշվի առնելով, որ ԲՀԿ առաջնորդը մի քանի անգամ խուսափել է հստակ պատասխան տալ այդ հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կոալիցիան ասել է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ի հետ անհաղթահարելի հակասություններ չկան, լինում են աշխատանքային հակասություններ, բայց կոալիցիան միասնական է եւ կատարում է հուշագրով նախանշված քայլերը»: