Հայաստանի երեք նախկին նախագահներն էլ հսկայական ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների կառուցման գործում։ Այնպես որ, սա միայն ներկա իշխանության արժանիքը չէ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախկին նախագահները նպաստել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ «Կարծում եմ՝ կարեւոր է նաեւ մեր ամերիկացի գործընկերների դերը։ Ուստի ես բոլոր դափնիները չէի վերագրի Ջո Բայդենի եւ Նիկոլ Փաշինյանի վարչակազմերին։ Սա միայն նրանց արժանիքը չէ։ Ավելին, եթե մենք նման ընկալում ձեւավորենք եւ աշխարհին ցույց տանք այն դիրքորոշումը, թե այս ամենն իբր Փաշինյանի եւ Բայդենի վարչակազմերի ձեռքբերումներն են, ապա Դոնալդ Թրամփը հաստատ չի ցանկանա իրականացնել այն ամենը, ինչ ամրագրված է Հայաստանի հետ Ռազմավարական համագործակցության խարտիայում»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Թրամփը տեղյակ է Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իսկ այժմ մի վարչակազմից մյուսին իշխանության եւ լիազորությունների տարանցման գործընթաց է տեղի ունենում։




























