Բոլոր հանրահայտ թբիլիսյան թերթերն այսօր` դեկտեմբերի 19-ին, միասնական վերտառությամբ են հանդես եկել: Անգլերենով եւ ռուսերենով լույս տեսնող թերթերի առաջին էջում գրված է. «Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլը»:
Նախագահին ուղղված այդ դիմումը պայմանավորված է քաղաքապետարանի այն որոշման հետ, որով նախատեսվում է աճուրդներ անցկացնել առեւտրական այն կրպակների տարածքում, որտեղ հաճախ թերթեր են վաճառվում: Աճուրդները տեղի կունենան դեկտեմբերի 28-ին եւ հունվարի 4-ին:
Թբիլիսիից «Վզգլյադ» թերթի թղթակիցը հաղորդում է, որ այդ որոշման կապակցությամբ, նախկին կրպակները հանվել են, իսկ քաղաքում թերթ գնելը շատ բարդ է: Հայտամրցույթի օրենքներով, բնավ էլ պարտադիր չէ, որ այդ տեղերում կրկին թերթերի կրպակներ դրվեն, այնտեղ կարող են լինել մթերային կրպակներ, «Ֆասթ-ֆուդի» վաճառակետեր եւ այլն:
Հիշեցնենք, որ բողոքելով այդ որոշման դեմ` նոյեմբերի 29-ին վրացական թերթերը հանդես են եկել «No newspapers – no democracy» վերտառությամբ:




























