Հայաստանի ձվի շուկայի վրա սահմանվել է ամենօրյա խիստ վերահսկողություն, այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Հանձնաժողով ենք հրավիրել նրանց ներկայացուցիչներին, ամենօրյա հսկողություն ենք իրականացնում գների նկատմամբ: Կարծում եմ` տնտեսվարողները ողջամիտ կմնան եւ գների անհիմն բարձրացում թույլ չեն տա»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Նրա տեղեկացմամբ` ՏՄՊՊՀ-ն ուժեղացրել է վերահսկողությունը նաեւ սոցիալական նշանակություն ունեցող այլ պարենային ապրանքների շուկաներում, որոնցում կան գերիշխող դիրք գրավողներ: «Մեր գործունեությունը վերաբերում է բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին: Այն շուկաները, որտեղ չկան գերիշխող դիրք գրավողներ, մեր գործունեության դաշտից դուրս են»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: Մասնավորապես` ՏՄՊՊՀ գործունեության դաշտում չեն գյուղմթերքների կամ մսի շուկաները:
Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի վերջին օրերին հանրապետությունում գրանցվեց ձվի գների աննախադեպ բարձրացում` մինչեւ 140 դրամ 1 հատի համար:




























