Ադրբեջանը չի խառնվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ներկայիս բանակցություններին, սակայն համոզված է, որ Անկարան կկատարի իր խոստումը եւ Հայաստանի հետ սահմանը կբացվի միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ադրբեջանը հավատարիմ է մնում այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու քաղաքականությանը, այդ թվում եւ հարեւանների»,- ընդգծել է Ալիեւը եւ հավելել. «Այդ մոտեցումը մենք պահպանում ենք նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների պարագայում»:
«Այնուամենայնիվ, Ադրբեջանն ունի իր ազգային շահերը, որոնցից գլխավորը երկրի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքն է: Այդ պայմաններում մենք երախտապարտ ենք Թուրքիային մեր մոտեցմանն աջակցելու համար եւ հուսով ենք, որ Անկարան կպահպանի իր տված խոսքը»,- Ալիեւի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























