«Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքի ավանդական կաթնամթերքում, մասնավորապես թթվասերում կոկոսի յուղ կամ բուսական յուղ չի օգտագործվում։ Այս մասին դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը՝ ավելացնելով, որ «Աշտարակ կաթի» արտադրանքի փաթեթների եւ տարրաների պարունակությունը համապատասխանում է մակնշմանը։ «Մեզ համար ամենակարեւորը սպառողի կարծիքն ու վստահությունն է։ Մենք առաջարկում ենք ցանկացած խանութից «Աշտարակ կաթի» ավանդական կաթնամթերքի նմուշ վերցնել սպառողին եւ այն տանել լաբորատոր փորձաքննության։ Նույնիսկ եթե չեն վստահում հայաստանյան լաբորատորիաներին, ուղարկել արտասահման։ Վստահ ենք, որ պարունակությունը կհամապատասխանի մակնշմանը»,- ասաց Ասլանյանը՝ ընդգծելով, որ կոկոսի յուղ օգտագործվում է ջնարակված պանրիկում, պաղպաղակում։
Ընկերության ներկայացուցիչը ընթերցեց կառավարության թթվասերի պատրաստման մասին համապատասխան որոշումը, որում նշված չէ կոկոսի յուղի թթվասերում օգտագործման ընթացքում արգելքի կամ թույլտվության մասին։ «Այդուամենայնիվ մենք կոկոսի յուղ չենք օգտագործել թթվասերում։ Ինչ վերաբերում է կաթնամթերքում կոկոսի յուղ օգտագործելուն, ապա այն միջազգային ստանդարտներով ընդունված է, եւ լայնորեն կիրառվում է պաղպաղակի պատրաստման ժամանակ։ Կոկոսի յուղը առողջության համար վնաս չի ներկայացնում, ինչպես փորձ է արվում ներկայացվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից»,- նշեց Ասլանյանը։
Հանձնաժողովի ընդունած աղմկահարույց որոշման մասին, որի համաձայն «Աշտարակ կաթը» տուգանվում է 50 մլն դրամով, ընկերության տնօրենը ասաց. «Մենք դեռ չենք ստացել պաշտոնական արձանագրությունը, իսկ ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կարտահայտենք մեր դիրքորոշումը»։
Ըստ նրա՝ ընկերությունը չի բացառում, որ գործունեության ընթացքում հնարավոր է բացթողումներ լինեն, սակայն բացառում է, որ իր թթվասերի մեջ հնարավոր է բուսական կամ կոկոսի յուղ հայտնաբերվի։
«Մեզ մոտ տարբեր տեսչություններ են գալիս ստուգումների, եւ ինչ-որ թերություններ հայտնաբերվում են։ Եթե մեղավոր ենք, տուգանքները վճարում ենք, սակայն այստեղ խնդիրը ձեւակերպման մեջ է, եւ մենք սպասում ենք արձանագրությանը, որպեսզի հասկանանք, թե ի վերջո ինչո՞ւմ են մեզ մեղադրում արձանագրության վերջանական տարբերակում»,- նկատեց «Աշտարակ կաթի» տնօրենը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` դեկտեմբերի 16-ին տուգանել է կաթնամթերք արտադրող 3 ընկերությունների` անբարեխիղճ մրցակցության համար: Դրանք են`«Աշտարակ կաթը» (տուգանվեց 50 մլն դրամով), «Դուստր Մարիաննան» (տուգանվեց 20 մլն դրամով) եւ «Անի կաթը» (տուգանվեց 5 մլն դրամով):
Նշենք, որ հիմնականում ստուգվել են թթվասերը, կաթնաշոռը, պաստերիզացված կաթը եւ մածունը: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ օրենսդրությունն արգելում է կաթնամթերքի մեջ բուսական յուղեր օգտագործել, քանի որ կաթնամթերքը կենդանական ծագման արտադրանք է: Կոկոսի յուղի փոխարեն պետք է օգտագործել կարագ, ինչպես անում են մյուս ընկերությունները: ՏՄՊՊՀ-ն նշել է,որ կոկոսի յուղը ոչ միայն 2 անգամ էժան է կարագից, այլեւ կարող է առողջության համար վտանգավոր հետեւանքներ ունենալ, քանի որ արդյունաբերական մշակման ընթացքում թանձրացվում է (այդ թանձր նյութը նստում է անոթների պատերին եւ խանգարում արյան շրջանառությանը):




























