Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 19-ին հայ գործարարներին ներկայացրեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության նոր ռազմավարությունը: Հայրենական ապրանքարտադրողների միության ընդլայնված նիստում Տ. Սարգսյանը հավաստիացրեց, որ արդյունաբերական նոր քաղաքականությունը կիրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

Այնուհետ ելույթ ունեցավ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ Հայաստանի արդյունաբերությունը պետք է լինի բազմաճյուղ, բայց հիմնված նոր տեխնոլոգիաների վրա: րա խոսքով` մշակվել է պրագմատիկ ռազմավարություն:

Հիշեցնենք, որ արդյունաբերական նոր ռազմավարությունը ենթադրում է 9 տարում արտահանման 3 անգամյա աճ` մինչեւ տարեկան 3 մլրդ դոլար:

Այնուհետ պատասխան ելույթներով հանդես եկան տեղական արտադրողները: Նրանք հիմնականում թոշակային տարիքի ու հին մտածելակերպի ներկայացուցիչներ են, ու դժվար է ասել` արդյո՞ք դա այն ուժն է, որ կարող է Հայաստանի արդյունաբերության համար ճեղքում ապահովել: Ներկայացնելով բավական հավակնոտ եւ որոշ իմաստով ֆանտաստիկ ծրագրեր (ընդհուպ մինչեւ օդից վառելիք ստանալու մասին), հայ գործարարները միեւնույն ժամանակ ոչ մի իրական պատճառ չբերեցին այդ ծրագրերը կյանքն կոչել չկարողանալու համար (նշելով միայն փողի բացակայությունը): Տ. Սարգսյանը, որ ավելի երիտասարդ սերունդ է ներկայացնում, եւ այդ պատճառով կարող է իրեն թույլ տակ 10-ամյա ծրագրեր ներկայացնել, նույնիսկ դիտողություն արեց տարեց գործարարներից մեկին, որ պատշաճ չեն կատարում պետության առջեւ ստանձնած պարտավորությունները: 

Այնուամենայնիվ` հարենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը բարձր գնահատեց կառավարության նոր ռազմավարությունը, քանի որ մինչ այդ 20 տարի իրականացվել է շոկային թերապիա, ինչն էլ արտագաղթի հիմնական պատճառն էր: