Հորդանանի թագավոր Աբդալլահը փետրվարի 11-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված պաղեստինցիների  Հորդանան և Եգիպտոս «տեղափոխվելու» Թրամփի կոչի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հորդանանյան ԶԼՄ-ներին։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն պաղեստինցիներին Գազայի հատվածից, որը նա «շենքերի քանդման վայր» է անվանել Իսրայելի 15-ամսյա ռմբակոծությունից հետո, ինչի հետևանքով  2,3 միլիոն մարդ անօթևան մնաց։

Հորդանանը մերժել է Թրամփի առաջարկը, իսկ նրա արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հունվարի 26-ին լրագրողներին ասել է, որ երկրի դիրքորոշումը Գազայից պաղեստինցիների ցանկացած տեղաշարժի դեմ մնում է «հաստատուն և անսասան»:

Հորդանանն արդեն հյուրընկալել է մի քանի միլիոն պաղեստինցիների, ևս տասնյակ հազարներն ապրում են Եգիպտոսում։ Երկու երկրներն էլ, ինչպես նաև  արաբական մյուս պետությունները մերժում են պաղեստինցիներին Գազայից իրենց երկրներ վերաբնակեցնելու գաղափարը։