Ռուսաստանը Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկում է որպես Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսական երկու աղբյուրներ։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ վերջին շաբաթներին ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են ինչպես Սաուդյան Արաբիա, այնպես էլ ԱՄԷ։ Սակայն, մի աղբյուր ասաց, որ գաղափարին դեռևս «որոշակի դիմադրություն» կա, քանի որ և՛ Սաուդյան Արաբիան, և՛ ԱՄԷ-ն սերտ ռազմական և անվտանգության կապեր են պահպանում ԱՄՆ-ի հետ: Միևնույն ժամանակ, Թուրքիան, որտեղ 2022 թվականի մարտին կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին բանակցությունները, այս փուլում բացառվել է որպես հանդիպման հնարավոր վայր, հայտնում են Reuters-ի աղբյուրները։

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը առաջին օտարերկրյա պետության ղեկավարն էր, որին Թրամփն էր կանչել պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնում է Reuters-ը։ Պուտինն իր հերթին, 2023 թվականին այցելելով Սաուդյան Արաբիա և ԱՄԷ, ասել է, որ երախտապարտ է Մուհամմեդ բեն Սալմանին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման կազմակերպմանն օգնելու համար։

Երկու երկրների առաջնորդները՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը և ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, չեզոք են մնացել Ուկրաինայի պատերազմի ողջ ընթացքում՝ ձեռնպահ մնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց, նշում է Reuters-ը։ ԱՄԷ-ն հանդես է եկել որպես միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործում։ Երկու երկրների ղեկավարները կանոնավոր կապեր են պահպանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ընդ որում, երկու երկրներից ոչ մեկը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանություններից։ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն նույնպես չեն պատասխանել այս տեղեկատվության մեկնաբանության հարցումներին: