Ռուսաստանում ծնունդների բացարձակ թիվը մոտեցել է 2000 թվականի ցուցանիշին, որն ամենացածրերից մեկն էր ժամանակակից Ռուսաստանի ամբողջ պատմության մեջ, ըստ ռուսական Интерфакс գործակալության՝ հայտարարել է ՌԴ առողջապահության փոխնախարար Վիկտոր Ֆիսենկոն։ 

«Չնայած այն հանգամանքին, որ 2020-ականներին ծնելիության ընդհանուր մակարդակն ավելի բարձր է, քան 2000-ականների սկզբին, ծնունդների բացարձակ թիվը մոտեցել է 2000 թվականի մակարդակին, որը ժամանակակից Ռուսաստանի ամբողջ պատմության մեջ նշված ցուցանիշի ամենացածր արժեքներից մեկն էր»,-հայտնել է Ֆիսենկոն:

Նախարարը դա պայմանավորել է նվազ բարենպաստ տարիքային կառուցվածքով, և նշել, որ ստղծված վիճակը վերարտադրողական տարիքի կանանց թվի նվազման հետևանք է։

Ֆիսենկոն հայտնել է նաև, որ Ռոսստատը կանխատեսում է ծննդաբերության ինտենսիվության աճ՝ հատկապես արագ տեմպերով 2027 թվականից հետո։ Росстат-ը միաժամանակ ակնկալում է ծնունդների բացարձակ թվի աճ՝ սկսած 2030-ականներից։ Դա նշանակում է, որ 2030-2040-ական թվականներին Ռուսաստանում սպասվում է վերարտադրողական տարիքի կանանց թվի աճ, ինչը ծնելիության վրա պետք է որ դրական ազդեցություն ունենա։