ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ պայմանով, որ ԱՄՆ-ին հասանելի լինեն ուկրաինական հազվագյուտ հողերի մետաղները։ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա ընդգծել է, որ Ուկրաինային ամերիկյան ռազմական եւ տնտեսական աջակցության ծավալը զգալիորեն գերազանցում է եվրոպացի գործընկերների ներդրումը։
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել, որով Ուկրաինան կստանա մեր օգնությունն իր հազվագյուտ հողերի մետաղների եւ այլ ռեսուրսների դիմաց»,- ասել է Թրամփը, տեղեկացրել է Associated Press-ը: ԱՄՆ նախագահը նաեւ հասկացրել է, որ նման համաձայնագրի պատրաստակամության մասին ազդանշան է ստացել Ուկրաինայի կառավարությունից։ Փաստաթուղթը, եթե ստորագրվի, Վաշինգտոնի համար կապահովի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության համար կարեւոր տարրերի հասանելիություն, նշել է գործակալությունը։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է հազվագյուտ հողերի մետաղների երաշխավորված մատակարարման անհրաժեշտությունը։ «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ներդնում։ Նրանք ունեն հրաշալի հազվագյուտ հողերի մետաղներ»,- ավելացրել է Թրամփը։
Բացի այդ, նա հայտնել է, որ «զգալի առաջընթաց» է գրանցվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ «Տեսնենք, թե ինչ կստացվի։ Մենք վերջ կտանք այս անհեթեթ պատերազմին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Financial Times-ի տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները «հաղթանակի պլանը» մշակելիս հաշվի են առել Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունը եւ փաստաթղթում ներառել են երկու առանցքային կետ։ Դրանցից մեկը նախատեսում է ուկրաինացի զինվորականների մասնակցությունը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում անվտանգության ապահովման գործին՝ մասամբ փոխարինելով ամերիկյան զորքերի զորակազմին, երկրորդը նախատեսում է Ուկրաինայի ռազմավարական կարեւոր բնական ռեսուրսների հասանելիության տրամադրում արեւմտյան գործընկերներին։
Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում կենտրոնացած է կարեւոր օգտակար հանածոների, այդ թվում՝ հազվագյուտ հողերի տարրերի համաշխարհային պաշարների մոտ 5 տոկոսը։ Այս խումբը ներառում է 17 մետաղ, այդ թվում՝ սկանդիում, իտրիում եւ լանտան։
Ինչպես նշել է Reuters-ը, Ուկրաինան ունի ուրանի, լիթիումի եւ տիտանի զգալի հանքավայրեր։ Սակայն դրանցից ոչ մեկը պահուստներով աշխարհի թոփ 5-ի մեջ չի մտնում։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը ունի այդ տարրերի սեփական չօգտագործված հանքավայրեր, սակայն հանքարդյունաբերությունն ու վերամշակումը դեռ զարգացած չեն: Ներկայում ԱՄՆ-ում գործում է միայն մեկ հազվագյուտ հողերի հանք, սակայն այնտեղ վերամշակման հզորությունները չափազանց սահմանափակ են: Գործակալությունը նաեւ ընդգծել է, որ հազվագյուտ հողերի տարրերի եւ մի շարք այլ ռազմավարական կարեւոր հանքանյութերի ամենախոշոր համաշխարհային արատդրողն այսօրվա դրությամբ Չինաստանն է։





























