Հաջորդ տարվա սկզբներին կհրապարակվեն պետական գնումների համակարգում իրականացված վարույթների արդյունքները: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ գործարարների կողմից բազմաթիվ դժգոհություններ կան պետական գնումների համակարգում անհավասար մրցակցության առթիվ:
Ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամ Քրիս Փիլոսյանի` պետական գնումները պետք է ավելի հրապարակային լինեն, քանի որ միայն բաց ընթացակարգերով տարեկան միայն 1 մլրդ դոլարի գնումներ են իրականացվում: Նրա խոսքով` այյլ պետություններում տեղական արտադրողներին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում պետական գնումներ կազմակերպելիս: «Պետական գնումները պետք է լինեն այնքան թափանցիկ եւ հասկանալի, որ մարդիկ ժամանակ ունենան եւ պատրաստվեն: Երբ հարցը բարձրացնում ենք, ասում են` ուզում եք ձեր ապրանքը թանկ ծախել»,- ասում է Ք. Փիլոսյանը: Նրա կարծիքով` եթե մրցույթները հասարակական կառույցների շրջանակում իրականացվեն, ապա տրամագծորեն հակառակ պատկեր կունենանք:
Իսկ նույն միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ շատ հաճախ մարզպետարանները խախտում են մրցույթի վերաբերյալ օրենսդրությունը: Այսպես` մանկապարտեզների վերանորոգման մրցույթ են հայտարարում, բայց պայմաններում նշում են, թե լուսամուտներն ու դռները պետք է լինեն թուրքական արտադրության: Եղել են նույնիսկ դեպքեր, երբ մրցույթի պայմանում նշվել է այն ֆիրմայի անունը, որի արտադրած շինանյութը պետք է օգտագործվի:
«Էսկուլապ» դեղագործական ընկերության տնօրեն Գառնիկ Գրիգորյանն էլ ասաց, թե արդեն 3 տարի է` չի մասնակցում պետական գնումների գործընթացին: Սակայն մրցույթին մասնակցող որոշ տնտեսվարողներ հնարավորություն ունեն ազդելու շուկայի իրավիճակի վրա: Արտասահմանյան որոշ ֆիրմաներ պետական գնումների համար նախատեսված դեղորայքը վաճառում են զգալիորեն ցածր գներով, ու եթե այդ դեղորայքը հայտնվի շուկայում, լրջորեն կվնասի առեւտրային նպատակներով ներմուծված դեղերի բիզնեսին` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ: Պետական գնումների համակարգում դեղերի 70 %-ից ավելին ներմուծվում է, քանի որ դրանք ավելի էժան են, քան տեղում արտադրվածները: Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի` դեղերի շուկայում ներկայում վարույթ է ընթանում:




























