ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը դադարեցնել 1 սենթանոց մետաղադրամների թողարկումը՝ դրանց հատման բարձր արժեքի պատճառով։

«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները փեննիներ է հատել, որոնք բառացիորեն մեզ վրա նստել են յուրաքանչյուրը 2 սենթից ավելի: Դա մեծ վատնում է։ Ես հանձնարարել եմ ԱՄՆ ֆինանսների նախարարին [Սքոթ Բեսենթին] դադարեցնել նոր փեննիների թողարկումը»,- գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։ Նա մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ում բյուջետային միջոցների ոչ պատշաճ վատնումները դադարեցնելու անհրաժեշտության վրա։

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի գլխավորած ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը հունվարի 21-ին X սոցիալական ցանցում հայտնել է, որ մեկ սենթանոց մետաղադրամի թողարկումը «արժե ավելի քան 3 սենթ»։ 2023 ֆինանսական տարում երկրում հատվել է ավելի քան 4,5 մլրդ նման մետաղադրամ, նշել են գերատեսչությունում։ Սա ամերիկացի հարկատուների վրա նստել է 179 մլն դոլար։