Հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, ով վերջերս Հայաստանի քաղաքացիություն է ստացել` ֆուտբոլի ազգային հավաքականում խաղալու համար, Հայաստանի կառավարության կողմից պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա: Այդ հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Ա. Օզբիլիսը ծնվել է 1990 թ. մարտին, հետեւաբար` Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելով, ենթակա է պարտադիր զինվորական ծառայության: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կառավարությունը պարբերաբար երկարաձգում է զորակոչից տարկետում տալու որոշումները, մինչեւ որ այդ մարզիկները տարիքի պատճառով այլեւս զորակոչվել չեն կարող:

Նշենք, որ Արաս Իհսանի Օզբիլիզը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով  2011 թվականի հոկտեմբերի 4-ին  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Արաս Իհսանի Օզբիլիզին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքական թիմում: